ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ընդդիմադիր դաշտը վերաբաշխումների շեմին

Ընդդիմադիր դաշտը վերաբաշխումների շեմին
16.06.2009 | 00:00

ՀՐՄՇՏՈՑ
Երևանի ավագանու ընտրություններից հետո Հայաստանի ընդդիմադիր դաշտում ակնհայտորեն ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ: Դրա հիմնական պատճառն այն է, որ ընդդիմությունը կամ հիմնական ընդդիմադիր ուժի կարգավիճակով հանդես եկող Հայ ազգային կոնգրեսը, անկախ շարժառիթներից, ընտրություններում ստացավ բավականին համեստ քվեներ` նախագահական ընտրությունների համեմատ:
Եթե 2008-ի փետրվարին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իբրև նախագահի թեկնածու, Երևանում ստացել էր մոտ 152 հազար ձայն, ապա մայրաքաղաքային ընտրություններում դաշինքի ցուցակը դարձյալ նա էր գլխավորում, սակայն ընդդիմադիր միավորման օգտին քվեարկեց մոտ 70 հազար ընտրող: Այս պարագայում ընդդիմության պատճառաբանությունները, թե տեղի է ունեցել ձայների համատարած գնում, և հայտնի են դարձել տարաբնույթ ընտրակեղծիքներ, այնքան էլ հիմնավոր չեն: Այն իմաստով, որ նույն պատճառաբանությունները բերվում էին նաև նախագահական ընտրությունների կապակցությամբ, սակայն, այնուհանդերձ, այն ժամանակ 152 հազար երևանցիներ դուրս եկան տներից ու գնացին ընտրատարածք` իրենց ձայնը տալու արմատական ընդդիմության առաջնորդին: Այս անգամ այդ նույն երևանցիները, չնայած ավելի բարենպաստ եղանակային պայմաններին, ընտրատարածք չգնացին: Սա նշանակում է, որ ՀԱԿ-ի քաղաքական գործելակերպից ու մարտավարությունից հասարակական որոշակի հիասթափություն, այնուամենայնիվ, կա:
Այս հանգամանքը, անկասկած, աննկատ չանցավ ընդդիմության դաշտում գործող կամ այդ դաշտ վերադարձած առավել ազդեցիկ քաղաքական ուժերի համար: Մասնավորապես, պատահական չէր, որ առաջինն իրավիճակից փորձեց օգտվել «Ժառանգությունը»: Այս քաղաքական ուժի մի շարք ներկայացուցիչներ տարբեր առիթներով հայտարարեցին, որ ՀԱԿ-ը կայացած միավորում չէ, և, ըստ այդմ, նրա հետ հանրությունն այլևս մեծ հույսեր չի կապում: Սա նշանակում էր մեկ պարզ բան. «Ժառանգությունը» հասկացել է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրություններում տեղի է ունեցել եթե ոչ առանցքային, ապա շատ որոշակի փոփոխություն և փորձում է իր կողմը գրավել ՀԱԿ-ի գործողություններից հիասթափված բնակչությանը: Դա սկզբունքորեն սպասված ու կանխատեսելի մարտավարություն է: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական ուժերից «Ժառանգությունը» միակն էր, որ մինչ այդ` 2007-ի խորհրդարանական ընտրություններում, կարողացավ հաղթահարել 5 տոկոսի արգելաշեմն ու դառնալ եզակի ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում: Ամենայն հավանականությամբ, ժառանգականները հետագայում առաջին նախագահի կողքին կանգնեցին` այդ դաշինքը դիտարկելով իբրև ժամանակավոր:
Պատահական չէ, որ նախագահական ընտրություններին հետևած գործընթացներում էլ «Ժառանգությունն» աշխատեց պահպանել իր ազատությունը, մաս չկազմեց ՀԱԿ-ին և այսօր առավել ևս իրեն ազատ է համարում որևէ պարտավորությունից ու, փաստորեն, աշխատում է ՀԱԿ-ի ընտրազանգվածի հիասթափված մի ստվար հատվածին իր կողմը գրավելու ուղղությամբ:
Հետընտրական գործընթացը հերքեց նաև դաշնակցության` կեղծ ընդդիմություն լինելու հանգամանքը: Սնանկ դուրս եկան այն պնդումները, թե դաշնակցությունն ընդդիմադիր դաշտում է հայտնվել կառավարող կոալիցիայից զուտ ձևականորեն դուրս գալով, իսկ իրականում պահպանում է իր բոլոր պայմանավորվածություններն ու համաձայնություններն իշխանությունների հետ: Եթե այդպես լիներ, ապա իշխանությունն առնվազն պետք է ձգտեր ապահովել դաշնակցության անցումը 7-տոկոսանոց արգելապատնեշի վրայով, քանի որ քաղաքային ավագանիում, ի դեմս նրա, կունենար կառավարելի ընդդիմություն: Բացի այդ, պետք էր պաշտոններից հրաժարված դաշնակցականներին ինչ-որ փոխհատուցում տալ` ավագանու աթոռների տեսքով: Փոխհատուցումը չտրվեց, ավելին, քաղաքական դաշտում հիմնավոր է համարվում այն տեսակետը, թե դաշնակցությունն ինչ-որ իմաստով պատժվեց իշխանության կողմից, քանզի ոչ միայն զրկվեց վարչական ռեսուրսն օգտագործելու հնարավորությունից, այլև այդ ռեսուրսը նույն չափով աշխատեց ՀՅԴ-ի դեմ: Այլ հարց է, որ ընդդիմադիր դաշտ վերադառնալով` դաշնակցությունն առայժմ որդեգրել է բավականին զգուշավոր, անսովոր շրջահայաց գործելաոճ: Դաշնակցականներն ընդդիմադիր դաշտում համագործակցության առաջարկներին արձագանքում են շատ զգուշորեն: ՀԱԿ-ի պարագայում դա հասկանալի է, որովհետև ՀՅԴ-ՀՀՇ և համապատասխանաբար ՀՅԴ-Տեր-Պետրոսյան հարաբերությունները հայտնի են, ու հավելյալ մեկնաբանությունների կարիք այս մասով չկա: Դաշնակցությունը մերժողական է տրամադրված ՀԱԿ-ի հետ համագործակցության առումով` նկատի ունենալով երկու ուժերի փոխհարաբերությունների դժվար անցյալը և, ըստ այդմ, անկանխատեսելի ապագան: Սակայն «Ժառանգություն»-ՀՅԴ կամուրջներ գցելու միտումներ ակնհայտորեն նկատվում են, և կողմերից յուրաքանչյուրի համար այդ համագործակցությունը լիովին ձեռնտու կարող է լինել: «Ժառանգության» համար դա նպաստավոր է այն առումով, որ ընդամենը 6-հոգանոց խմբակցություն ունենալով` բավականին դժվար է ընդդիմադիր նախաձեռնություններով հանդես գալ իր մեծամասնության մեջ բացարձակապես իշխանամետ այսօրվա խորհրդարանում: Դաշնակցության խմբակցության կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցությունը տարբեր հարցերում, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ «Ժառանգության» համար խորհրդարանական գործունեության ավելի լայն դաշտ կբացի` համապատասխանաբար ընդլայնելով նաև ընտրազանգվածի վրա ազդելու հնարավորությունները:
Դաշնակցության համար «Ժառանգության» հետ համագործակցությունը ձեռնտու է այն տեսակետից, որ այդ պարագայում ՀՅԴ-ն արագորեն կազատվի ինչ-որ իմաստով նաև դիտավորյալ «փակցված» կեղծ ընդդիմության պիտակից, հնարավորություն կունենա տասը տարի իշխանության մեջ գտնվելուց հետո բավականին արագ «ռեաբիլիտացվել» իր պոտենցիալ աջակիցը հանդիսացող ընտրազանգվածի աչքում: Կան նաև ավելի խորքային փոխադարձ հետաքրքրություններ: Ակնհայտ է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու գործընթացի մեջ է, և կուսակցության ողջ ներուժն այժմ ուղղված է առաջնորդի հեղինակության բարձրացմանը: Դաշնակցությունն իր կառույցով, կայուն ավանդական ընտրազանգվածով խիստ ցանկալի գործընկեր է «Ժառանգության» առաջնորդի համար, եթե, մանավանդ, կա հավանականություն, որ դաշնակցությունը նախագահական ընտրություններում կպաշտպանի նրա թեկնածությունը: Հիշեցնենք, որ այդպիսի սցենարի հավանականությունը չէր բացառվում նույնիսկ 2008-ի նախագահական ընտրություններում, թեպետ բոլորի համար էլ պարզ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիության անհրաժեշտ ցենզ չունի առաջադրվելու համար:
Այս զարգացումները չեն վրիպել նաև ՀԱԿ-ի առաջնորդի աչքից: Հունիսի 12-ին կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը, ամենախիստ քննադատություն ուղղելով իշխանությունների հասցեին, ակնհայտորեն փորձեց իր ելույթով մյուս ընդդիմադիր ուժերի հետ գոնե տանելի հարաբերությունների դաշտ ձևավորել: Թերևս ՀԱԿ-ի առաջնորդի համար էլ պարզ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի համակրանքի համար ընդդիմության ուժերի մեջ պայքար սկսվելու դեպքում այն ջլատելու է ոչ միայն մրցակիցներին, այլև ընդդիմադիր կոնգրեսին, ինչն էլ հանրագումարում ամրապնդելու է իշխանության դիրքերը: Ըստ այդմ, պատահական չէր առաջին նախագահի հետևյալ արտահայտությունը. «Ամենևին կարևորություն չպետք է տալ համագործակցության ձևական կողմին: Երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, ընդհանուր շահի գիտակցությամբ, թեկուզ իրարից անկախ, պայքարում են իշխանությունների դեմ, նրանք ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ և ուժեղացնում միմյանց: Այդպես է ահա Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» պարագայում: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես դաշնակցությանը և «Բարգավաճ Հայաստանին», ապա նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան, որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի: Թեև հարկ է ճշտել, որ դաշնակցությունը, կարծես թե արդեն բռնել է այդպիսին դառնալու ճանապարհը, ինչը, անշուշտ, երկխոսության դուռ կարող է բացել: Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը: Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին: Վերջին հաշվով, քաղաքական որևէ ուժի հետևից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին: Հայ ազգային կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի: Մենք պատրաստ ենք ընդդիմության դաշտում գրկաբաց ընդունել ցանկացած կուսակցության` չվախենալով մրցակցությունից և բաց չթողնելով համագործակցության որևէ առիթ»:
Սա կարելի է գնահատել իբրև փոխադարձ լոյալության կոչ: Եթե նկատի ունենանք, որ ՀԱԿ-ը հայտարարեց մինչև սեպտեմբերի 18-ը հանրահավաքներն ընդմիջելու մասին, ապա կարելի է արձանագրել, որ իրական վիճակը սթափ գնահատող մարդիկ ընդդիմության մեջ, անշուշտ, կան: ՈՒժերի վերաբաշխման փուլի սկիզբը բոլորի համար ակնհայտ է, այլ հարց է` այդ վերաբաշխումը կբերի թեկուզ որոշակի խնդիրների շուրջ ընդդիմադիր ուժերի համագործակցությա±ն, թե± նրանց միջև պայքարի, ինչը ջլատելու է այդ պայքարին մասնակից բոլոր կողմերին: Անկասկած է, որ իրենց ընդդիմադիր համարող ուժերն ամռան ամիսներն օգտագործելու են միմյանց դիրքերը ստուգելու և փոխադարձ հարաբերությունների ձևաչափը ճշգրտելու, համագործակցության հնարավորությունները հստակեցնելու համար: Իշխանությունն այս ամենից շահում է այն, որ ընդդիմադիր գործունեության մեջ առաջացել է ոչ միայն եղանակային, այլև ավելի կարևոր խնդիրներով պայմանավորված դադարի ժամանակաշրջան: Դա չի բացառում, որ իշխանության ներսում նույնպես կարող է սկսվել վերաբաշխումների գործընթաց, բայց այդ մասին` արդեն մեկ այլ առիթով:
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ